Կայացան Եվրոպայի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը: Երկուսում էլ դաշտի տերերը կարողացան առավելության հասնել մրցակիցների նկատմամբ: «Ալյանց Արենայում» «Բավարիան» հաղթեց «Ռեալին», «Ստեմֆորդ Բրիջում» «Չելսին»` «Բարսելոնին»:
Ասել, թե եղածն օրինաչափ էր, թերևս, աշխարհում չի համարձակվի միանշանակ պնդել ոչ ոք, որքան էլ «սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ» բանաձևումը չբացառի բացառությունները: Սակայն այն, որ համաշխարհային ֆուտբոլի երկու մեծագույն թիմերը ձայն ձայնի տված մրցասպարեզը լքել են գլուխները կախ, արդեն անառարկելի ճշմարտություն է, կայացած փաստ:
«ԲԱՎԱՐԻԱՆ» ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԷՐ ՀԱՂԹԵԼՈՒ ՈՒ ՀԱՂԹԵՑ ՕՐԻՆԱՉԱՓՈՐԵՆ
Այսպես ենք ասում` բնավ էլ խնդիրը մոտիվացիայի մեջ չտեսնելով («Բավարիան» գործնականում կորցրել է երկրի չեմպիոն դառնալու հնարավորությունն ու բացառապես սևեռվել է Չեմպիոնների լիգայի վրա), ոչ էլ անցյալը կամ ինչ-ինչ ավանդույթներ, ավանդույթի ուժ ստացած ինչ-ինչ բաներ վկայակոչելով («Ռեալը» գերմանական ակումբի հետ հանդիպումներում տհաճ վիճակագրություն ունի): Եթե այս ճանապարհով գնանք, ընթերցողին վերջնականապես կխճճենք թվերի ու փաստերի մեջ, ուստի միանգամից անդրադառնանք օրվա մեջ գրված պատմությանը, որն սկսվեց հանդերձարանից Ռոնալդուի… խաղակոշիկների անհետանալուց: Ասացինք` խաղակոշիկների ու մտածեցինք, որ այսպես կարող ենք ընթերցողին ակնհայտ մոլորության մեջ գցել: Բանն այն է, որ խոսքը վերաբերում է ոչ թե մեկ զույգ, այլ միանգամից երեք զույգ խաղակոշիկների անհետանալուն:
Սակայն սա` միայն Ռոնալդուի կտրվածքով:
Սրանից զատ, հանդերձարանից անհետացել է ևս երեք զույգ խաղակոշիկ, որոնք պատկանում էին «Ռեալի» հանգուցային մյուս երկու խաղացողներին` Օզիլին ու Բենզեմային:
Իհարկե, կարող եք, և միանգամայն իրավացի կլինեք, ասել` հասկացանք, որ ցրել են խաղակոշիկները, դու խաղից խոսիր:
Խոսելը խոսեմ, բայց եթե, ինչպես պատմվում է չարենցյան հայտնի բալլադում, նույնիսկ Սիբիրից եկած մուժիկին է կոշիկ պետք, ի՞նչ եք կարծում, Ռոնալդուին (կամ Բենզեմային ու Օզիլին) կոշիկ պետք չէ՞ խաղադաշտ դուրս գալու համար: Այնպես որ, սիրելիներս, մանրուքներ չկան այս կյանքում: Վկան` նշանառությունից ընկած ինչպես Ռոնալդուի, այնպես էլ Բենզեմայի խաղը (Օզիլի պարագան փոքր-ինչ այլ է. թող ներվի ասելը, այդ դիրքից մեռած պապս էլ գոլ կխփեր): Լավ, մի քիչ վիճեցինք, պրծանք, անցնենք բուն ասելիքին:
ՈՒրեմն` խաղը:
Արագ և ուժային մարտաոճին տուրք տվող այս թիմերի խաղն իսկապես բարձրակարգ էր, լարված, դրամատիկ պահերով լեցուն: Մի խոսքով, իր բարձր կարգավիճակին ամբողջությամբ համապատասխանող հանդիպում էր, որ առանձնացավ նաև բոլոր սահմանները գերազանցող կոպտությամբ: ՈՒեբ Հովարդի ցույց տված ինը դեղին քարտը (վեցը բաժին է ընկնում մադրիդցիներին) լրացուցիչ մեկնաբանությունների տեղ չի թողնում, և դեռևս Անգլիայից խաղի մրցավարի հետ Մոուրինյոյի ծանոթ լինելն էր (կարծում եմ), որ «Ռեալին» փրկեց հեռացման ենթակա խաղացող ունենալուց:
«Բավարիան» հաղթեց 2:1 հաշվով: Վճռական գոլը խփեց Մարիո Գոմեսը` իր թիմին պատասխան խաղից առաջ ապահովելով որոշակի առավելություն: Ասում ենք` որոշակի, որովհետև դժվար է հավատալ այդ գոլի վճռական լինելուն, որքան էլ, տվյալ խաղի պարագայում, մեր համակրանքն ավելի շատ գերմանական ակումբի կողմն էր, թեպետ, ընդհանուր գծերով, «Ռեալն» անվիճելիորեն ավելի բարձրակարգ թիմ է: Համարձակվում եմ կանխագուշակել, որ Մադրիդում մենք մեկ գոլի ականատես չենք լինի, թեև մեկ գոլն էլ արքայական ակումբին լիուլի բավարար է նորից Մյունխեն վերադառնալու համար, որտեղ, ինչպես հայտնի է, կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը: Սակայն այն, որ երկու հանդիպման արդյունքով խաղը շահելու դեպքում Մյունխենում Մադրիդի «Ռեալը», ի դեմս «Ալյանց Արենա» եկած մարզասերների, կունենա «Բարսելոն»-«Չելսի» զույգի հաղթողին երկրպագողների, այստեղ կանխազգացումս չեմ կարծում, թե ինձ կդավաճանի:
Դե ինչ, կապրենք` կտեսնենք:
ԽԱԽՏՎԱԾ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ
«Չելսի»-«Բարսելոն» խաղի պարագայում սրանք մի քանիսն են, որոնց, խաղի վերլուծության ժամանակ (վերլուծություն ասվածը թող պաթետիկ չհնչի ընթերցողի ականջին, որովհետև ինքս ինձ երբեք և ոչ մի պարագայում ֆուտբոլի գիտակ չեմ համարել ու չեմ համարում), մենք կանդրադառնանք առանց ընդգծումներ անելու:
«Չելսին» կարողացավ օգտագործել սեփական դաշտի առավելությունն այս բառի ուղղակի և անուղղակի առումներով:
Ինչու ենք այսպես ասո՞ւմ:
Շատ պարզ պատճառով: «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտն իր չափսերով նկատելիորեն փոքր է «Կամպ Նոուից», որտեղ «Բարսելոնը» վարժվել է խաղալ լայն ծավալված թևերով, սովոր է իր «ճախրի» մեջ լինել ազատ ու անկաշկանդ:
Կհակադարձեք ու իրավունք ունեք` ասելով. «Բայց չէ՞ որ, ինչպես ինքդ ես սիրում ասել, «Բարսելոնը» սովոր է ասեղնագործելուն»:
Այո, ասեղնագործելը կամ մանրաքանդակելը կատալոնյան ակումբի անգերազանցելի առավելությունն է մյուս բոլոր ակումբների համեմատությամբ, սակայն երբևիցե փորձե՞լ եք ստեղծագործել սեղմված թոքերով:
ՈՒ, ի՞նչ, ստացվե՞լ է:
Եթե պահի տակ եղածը հակված եք որակելու որպես օրինաչափություն (նկատի ունեմ սեղմված թոքերի պայմաններում ստեղծագործելու պարագան), այս դեպքում ստացվում է, որ մենք խոսում ենք միանգամայն տարբեր բաներից, ու մնում է, որ Աստված հավասարապես ամեն մեկիս հետ էլ լինի: Առանձին-առանձին: Այ, եթե «Չելսին» (այս անգամ նկատի ունեմ խաղի արդյունքը) նույն բանը կանի և Բարսելոնում, այս դեպքում` ես Ձեզ խոնարհ ծառա: Սակայն, քանի դեռ չի կատարվել դա, թույլ տվեք ֆուտբոլային այս երկու ակումբների առաջին հանդիպման կտրվածքով ընդամենն ասել, որ, այո, «ազնվականները» գերազանց օգտագործեցին իրենց միակ շանսը, մինչդեռ «Բարսելոնը» զարմանալիորեն «դիպուկ» եղավ իր վրիպումներում, թեպետ Պետեր Չեխը, որքան էլ բարձրակարգ դարպասապահ է, առնվազն երկու անգամ պիտի որ ստիպված լիներ գնդակը հանել ցանցից:
Լինելով խոշոր անհատականությունների թիմ` «Բարսելոնն» իր ֆուտբոլային փիլիսոփայությունում կա և մնում է կոլեկտիվ դավանաբանության կողմնակից: Այս խաղում մի տեսակ ինչ-որ այլ բան գծագրվեց ու դա, առաջին հերթին, Ֆաբրեգասի առումով, ով հայտնի է անգլիական ֆուտբոլից իր իրազեկվածությամբ: Նկատի ունեմ «Արսենալում» ունեցած տարիների խաղային պրակտիկան: Չեմ պնդում, սակայն իմ պատկերացմամբ նրան այս խաղում անգլիական ֆուտբոլից կարոտն առնելու հնարավորություն տրվեց: ՈՒրիշ բան, որ ֆուտբոլիստը չկարողացավ ամբողջությամբ ինքնիրացվել: Չմեղադրենք: Անհաջողությունների օր բոլորի մոտ էլ լինում է: Այդ թվում և` Մեսիի, ով, կարծում եմ, քիչ զարմացած չմնաց նրանից, որ գնդակը դարպասում համառորեն չէր ուզում հայտնվել ու չհայտնվեց (պիտի որ հիշողությունս չդավաճանի` վերջին տասնմեկ խաղերից սա առաջինն էր, որ հանճարեղ այս ֆուտբոլիստը դաշտից հեռացավ առանց գոլ խփելու):
Հավասարության հարգն ու կարգը պահպանելով` Մեսիին էլ չմեղադրենք:
Լինում են, լինում են նման բաներ (այդ ո՞ւմ աշխատանքում չկա թերություն, կասեր հայտնի ֆիլմի հերոս Դետոչկինը): Պարզապես պիտի չկոմպլեքսավորվել ու հանգիստ, առանց փութկոտության գնալ առաջ` ճիշտ հետևություններ անելով: Իսկ որ այդ հանգստությունն առաջին հերթին պետք է Պեպ Գվարդիոլային, չեմ կարծում, որ այստեղ երկու կարծիք կարող է լինել, ինչպես որ չեմ կարծում, թե արդեն «Ստեմֆորդ Բրիջում» նա արդեն իսկ չի գծագրել պատասխան խաղի մանրակերտը և այն էլ` դաժան շեշտադրումների մեջ:
Բոլոր դեպքերում, պիտի խոստովանել, որ խաղը հետաքրքիր ու լարված ստացվեց, և ինչ-որ տեղ նույնիսկ գեղեցիկ էր, որ «Բարսելոնը» պարտվեց:
Հիմա կասեք` պարտվելուս գեղեցի՞կը որն է:
Հավատացեք` նման բան կա:
Ամեն խաղ իր ինտրիգը պիտի ունենա:
Մի՞թե կատալոնյան ակումբի այս պարտությունից հետո բարսելոնյան խաղն ավելի պակաս սպասված է դառնում:
Կամ` ցանկալի:
Կամ` ակնկալված:
Ցանկալիի, սպասվածի ու ակնկալվածի մեջ հավասարության նշան դնելը կամ մեկնումեկին առավելություն տալը թողնում եմ Ձեզ, ինչպես որ Ձեզ եմ թողնում մեկ շաբաթ յուղի մեջ տապակվելը:
Սեփակա՛ն յուղի մեջ տապակվելը:
Բոլորի՛ս տապակվելը:
Հ.Գ. -Գրեցի մեկ շաբաթ ու հանկարծ հիշեցի, որ մինչև շաբաթ ախր… շաբաթ օրն էլ կա: Խայտառակություն, բոլորովին մոռացել էի Էլ կլասիկոն` տիտանների ճակատամարտը ներքին առաջնության շրջանակներում, բախումը երկու խոցված սրտերի: Ավելորդ հուշում չեմ անում, որովհետև, գիտեք, խոսքը «Բարսելոն»-«Ռեալ» դիմակայության մասին է, որը, եթե ոչ բովանդակային առումով, ապա գոնե ներքին դրամատիզմով ու լարվածությամբ, թող ներվի ասել, շատ ավելին է, քան «Բարսելոն»-«Չելսի», «Ռեալ»-«Բավարիա» խաղերը: Հասկանալի պատճառներով ես հիմա չեմ խոսում այս առանցքային խաղից առաջ «Ռեալի» համեմատությամբ «Բարսելոնի» վերականգնվելու համար հատկացված կրճատված ժամանակի մասին, ինչ է թե չմեղադրեք կատալոնյան ակումբի նկատմամբ ունեցած իմ կողմնակալ վերաբերմունքի մեջ, թեպետ, կարծես, ՄԱԿ-ի կոնվենցիայով սիրելն արգելված չէ դեռևս:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ